Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ այսօր կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Կմասնակցեն նաև եվրոպացի առաջնորդներ։
Իր Telegram-ի էջում հրակարակած հաղորդագրության մեջ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար և ցանկություն հայտնել հնարավորինս արագ կերպով ավարտել պատերազմը։ Նրա խոսքով՝ առաջին հերթին դա պետք է անի Ռուսաստանը։
«Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալի կերպով ավարտել այս պատերազմը։ Եվ խաղաղությունը պետք է լինի երկարատև։ Ոչ թե այնպես, ինչպես տարիներ առաջ էր, երբ Ուկրաինային ստիպեցին հանձնել Ղրիմը և մեր Արևելքի մի մասը՝ Դոնբասի մի մասը, իսկ Պուտինը դա պարզապես որպես հենակետ օգտագործեց նոր հարձակման համար։ Կամ երբ Ուկրաինային, այսպես կոչված, «անվտանգության երաշխիքներ» տվեցին 1994 թվականին, բայց դա չաշխատեց»,- գրել է Զելենսկին։
«Ռուսաստանը պետք է ավարտի այս պատերազմը, որը հենց ինքն էլ սկսել է։ Եվ ես հույս ունեմ, որ Ամերիկայի և մեր եվրոպացի ընկերների հետ մեր համատեղ ուժը կստիպի Ռուսաստանին իրական խաղաղության հասնել։ Շնորհակալություն»,- հավելել է Ուկրաինայի ղեկավարը։