Մի քանի օր է, ինչ Տավուշի մարզի Բերդի քաղաքի պատմության և կենցաղի թանգարանում ցուցադրված են հայ մեծերի դիմանկարները, որոնց հեղինակը մասնագիտությամբ անասնաբույժ Միշա Հովհաննիսյանն է: Վերջինս սիրողական նկարչության սիրահար է, ցուցահանդեսին ներկայացրել է շուրջ երեք տասնյակ դիմանկար: Միշա Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նկարել սկսել է 13-14 տարեկան հասակում: Առաջին աշխատանքը եղել է մոր դիմանկարը` գուլպա գործելիս:«Ցուցահանդեսը կազմակերպել եմ ոչ թե իմ ունակությունները ցուցադրելու, այլ երիտասարդ սերնդին հայ մեծերի հետ ծանոթացնելու համար: Ցավոք, այսօր քչերն են հիշում նրանց,հետաքրքրվում նրանց կյանքով: Նրանց չճանաչելը մեզ աղքատացնում է, այդ պատճառով չէի ուզում նրանց դիմանկարները պարփակված մնային իմ սենյակում: Մեծ ոգևորություն ապրեցի տեսնելով դպրոցականների մեծ խմբեր,ովքեր եկել էին դիտելու ցուցահանդեսը: Բոլոր աշխատանքներս իրենց յուրահատուկ տեղն ունեն, բոլորը սիրելի են: Ամենասիրված գործը, սակայն, Վահրամ Փափազյանի դիմանկարն է: Նա իսկապես մեծություն էր: Նրա կերպարը, մտքերն ուղեցույց են եղել ինձ համար»,-նշեց մեր զրուցակիցը: