Բարեգործությունը ազգեր չի ճանաչում (Տարվա բարերար՝ Արսեն Սիմոնյան)
Այգեհովիտցի բարերար Արսեն Սիմոնյանը երկար տարիներ է, ինչ բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Չնայած հայրենի գյուղից մեծ հեռավորությանը, նա մշտապես աջակցում է գյուղի խնդիրների լուծմանը: Զարմանալին այն չէ, որ Սիմոնյանն օգնում է գյուղին, այլ այն, որ նրա բարեգործությունը ազգեր չի ճանաչում: Արսեն Սիմոնյանը մեծ օգնություն է ցուցաբերում նաև այլազգիներին: ՌԴ-ում գտնվող բազմաթիվ ծերանոցներ, հիվանդանոցներ և դպրոցներ յուրաքանչյուր ամիս շնորհակալական նամակներ են ուղարկում Սիմոնյանին՝ երեխաներին և ծերերին օգնելու համար: Ռուսական բանակը նույնպես դուրս չի մնացել Արսեն Սիմոնյանի ուշադրությունից: Բազում ռուս զինծառայողների համար նա ձեռք է բերել անհրաժեշտ պարագաներ, հագուստ ու քնապարկեր՝ պատերազմի դաշտում օգտագործելու համար: Նրա կատարած բարեգործություններն անթիվ են, որոնց մասին ինքը՝ Արսեն Սիմոնյանը համեստորեն լռում է: Սակայն նրա կատարած աշխատանքները խոսում են նրա փոխարեն: Նրա օգնությամբ գյուղում ասֆալտապատվել են որոշ փողոցներ, կառուցվել ջրատարներ: Այգեհովիտի դպրոցի բակում նրա նախաձեռնությամբ վերջերս տեղադրվել է խաչքար՝ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին: Նշենք, որ Արսեն Սիմոնյանը նույնպես պատերազմի մասնակից է: Լինելով 13-14 տարեկան, Սիմոնյանը կամավորագրվել էր Իջևանի շրջանի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու համար: Արսեն Սիմոնյանը մասնակցել է Այգեհովիտի, Վազաշենի մարտերին, ստանալով «ԳՆԴԻ ՈՐԴԻ» մականունը: Խիզախ և քաջ ԳՆԴԻ ՈՐԴԻՆ այդ ժամանակ զբաղվում էր Ազատ ոճի ըմբշամարտով և հանուն հայրենիքի, կիսատ է թողնում իր մարզական պարապմունքները:Սա մի փոքրիկ մասն է բարի և յուրահատուկ մարդու՝ Արսեն Սիմոնյանի մասին: Նշենք, որ լինելով հավատացյալ մարդ, նա մշտապես աջակցում է նաև եկեղեցուն: Արսեն Սիմոնյանի մարդկային որակների մասին կարելի է խոսել անվերջ: Նրա հայրենասերության մասին պատկերացում կազմելու համար բավական է նայել նրա ընտանիքին: Սիմոնյանն ունի 6 երեխա, 6 որդի՝ ովքեր շարունակելու են բարձր պահել իրենց հոր անունը, պիտանի լինելով իրենց հայրենիքին, երկրին և պետությանը: Նրան վստահ կարելի է անվանել, ՏԱՐՎԱ ՄԱՐԴ, ՏԱՐՎԱ ԲԱՐԵԳՈՐԾ: Անուն, որն արժանի է հասարակության ուշադրությանը: