Ավստրալացի լուսանկարիչ և կերպարվեստի դասախոս Լյուկ Ֆազեկասը ստեղծել է Pocket Obscura-ն՝ Գինեսի ռեկորդների գրքի վարկածով աշխարհի ամենափոքր ժապավենային ֆոտոխցիկը։ Դրա՝ 3D տպիչով տպված պատյանի չափերն ընդամենը 2,48 × 2,41 × 2,48 սմ են՝ մոտավորապես փոքր մետաղադրամի չափ։
Մշակումը տևել է մեկ տարի։ Ոգեշնչման աղբյուրը Kodak Brownie-ն էր՝ 1900 թվականին թողարկված պարզ ստվարաթղթե ֆոտոխցիկը։ Pocket Obscura-ն ապակե օբյեկտիվ չունի. լույսը ներս է թափանցում փոքրիկ անցքով։ Փականը ևս ձեռքով է գործարկվում. լուսակայումը սկսելու համար այն պետք է բարձրացնել, իսկ ավարտելու համար՝ իջեցնել։
Ռեկորդի անվանման մեջ նշվում է «ժապավենային ֆոտոխցիկ», սակայն Ֆազեկասը գլանափաթեթային ժապավեն չի օգտագործում։ Նա լուսաթղթից համապատասխան չափի կտորներ է կտրում և անվտանգ կարմիր լուսավորության տակ դրանք մեկ առ մեկ տեղադրում ֆոտոխցիկի մեջ։ Նկարահանումից հետո լուսաթուղթը երևակում են որպես նեգատիվ, ապա սկանավորում և թվային եղանակով պատկերը վերածում պոզիտիվի։
Փոքր անցքի պատճառով քիչ լույս է ներթափանցում, ուստի անհրաժեշտ է երկար պահաժամ, հաղորդում է «Техкульт»-ը։ Ֆոտոխցիկը լավագույնս աշխատում է դրսում՝ պայծառ լույսի պայմաններում և անշարժ առարկաներ նկարելիս. շարժվող առարկաները կարող են լղոզվել կամ ընդհանրապես չերևալ։ Տեսադաշտիչ, ֆոկուսի կարգավորում և խոշորացման հնարավորություն չկան, ուստի կադրը պետք է կառուցել փորձարկումների միջոցով։ Լուսանկարները ստացվում են մեղմ գծագրությամբ՝ նման նկարահանմանը բնորոշ անկանխատեսելի արդյունքով։
Ֆազեկասի ասելով՝ ամենադժվարը ոչ թե ֆոտոխցիկի պատրաստումն էր, այլ դրա չափերի հաստատումը. փաստաթղթերի պատրաստումը, ներառյալ որակավորված չափագետի մասնակցությամբ չափումները, տևել է երեք շաբաթ։ Pocket Obscura-ն հեղինակի կայքում վաճառքի է հանված 45 ավստրալական դոլարով, սակայն այժմ առկա չէ. հաջորդ խմբաքանակը սպասվում է դեկտեմբերին։