ՌԴ-ում ՆԳՆ կոռուպցիայի դեմ պայքարի վարչության պետի տեղակալին աշխատասենյակում մահացած են գտել

Մոսկվայում մահացած են գտել ՌԴ ՆԳՆ «Պ» վարչության պետի տեղակալին, որի խնդիրն էր պայքարել հանցավորության դեմ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններում։ Գնդապետ Եվգենի Գոլովատին ենթադրաբար ինքնասպան է եղել իր ծառայողական զենքով, հայտնել է «Коммерсант»-ը։
Սպան հայտնաբերվել է մայրաքաղաքի Ռյազանսկի նրբանցքում գտնվող ՌԴ ՆԳՆ տնտեսական հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության շենքի աշխատասենյակում: Թե կոնկրետ երբ է դա տեղի ունեցել, պարբերականը չի նշել։
Նշվել է, որ Քննչական կոմիտեն նախաքննական ստուգում է իրականացնում։ Դրա արդյունքների հիման վրա որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու (հավանաբար ինքնասպանության դրդելու մասին) կամ մերժելու մասին։
Փետրվարի սկզբին հայտնի էր դարձել, որ ՌԴ պետական համակարգի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ մահացել են մեկ օրվա ընթացքում, պատուհանից ընկնելով։ Մոսկվայում, Շինարարների փողոցում, դատաբժշկական կենտրոնի պետի տեղակալ, գնդապետ Ալեքսեյ Զուբկովն ընկել է Քննչական կոմիտեի դատաբժշկական կենտրոնի շենքի պատուհանից։ Նա ավելի ուշ մահացել էր ստացած վնասվածքներից, բայց հասցրել էր պատմել, որ մտել է զուգարան շենքի 4-րդ հարկում, իսկ դրանից հետո արդեն ոչինչ չի հիշել։ Զուբկովի գործընկերները ենթադրել են, որ նա սթրես է ունեցել ամփոփիչ քննչական կոլեգիայի նախօրեին։
Պետրոզավոդսկում՝ Կարելիայի գծով Դաշնային հակամենաշնորհային ծառայության շենքի մոտ, մահացած են գտել գործակալության տարածաշրջանային բաժնի ղեկավար Արթուր Պրյախինին։ ՔԿ-ում հայտնել են, որ 56-ամյա պաշտոնյան փետրվարի 4-ին ընկել է հինգերորդ հարկի պատուհանից։ Նախնական վարկածով՝ դա ինքնասպանություն էր։