Հայաստանում կներդվի միասնական երթուղային ցանց. Պետությունը հրաժարվում է մեկ երթուղի — մեկ սպասարկող օպերատոր սկզբունքից

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում հավանություն տվեց «Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությունը նպատակ ունի օրենքով օժտել Կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու աջակցության ծրագրեր, այդ թվում նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։
Նախատեսվում է ՀՀ-ում ներդնել միասնական երթուղային ցանց։ Նախկինում 1 երթուղի – 1 սպասարկող օպերատոր սկզբունքից անցում է կատարվում մեկ տարածաշրջանի կամ մարզի երթուղիներ – 1 սպասարկող օպերատոր սկզբունքին, այսպիսով ձևավորելով միասնական երթուղային ցանցը ՀՀ ողջ տարածքում։
Դրա համար անհրաժեշտ է իրականացնել մեծ ծավալի ներդրումներ մարզի կամ տարածաշրջանի բոլոր երթուղիները սպասարկելու համար տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար։
Միասնական երթուղային ցանցի ներդրման նպատակով որոշ մարզերում հայտարարված մրցույթները չեն կայացել հայտերի բացակայության պատճառով, ինչը կապված է մեծ ներդրումների բիզնես ռիսկերի հետ։ Որոշ դեպքերում մրցույթներին մասնակցության միայն մեկ հայտ է ներկայացվում, ինչը բացառում է առողջ մրցակցությունը։ Միասնական երթուղային ցանցի գործընթացը ավարտին հասցնելու, ինչպես նաև Կառավարության աջակցությամբ տրանսպորտային համակարգի զարգացմանն ուղղված միջոցառումները կյանքի կոչելու նպատակով մշակվել է օրենքի նախագիծը։