Իջևանի ճոպանուղու պատմությունը

Իջևանի «անավարտ» ճոպանուղին կառուցվել է 1990-ականների սկզբին: Քաղաքը «Երազանք» սարին կապող ճոպանուղի ունենալը եղել է ՀԿԿ շրջկոմի քարտուղար Ջեմմա Անանյանի գաղափարն ու նախաձեռնությունը: Ճոպանուղու նախագիծը կատարվել է Թբիլիսիում, Գեորգի Գվանցելաձեի կողմից:
Այս գաղափարը կյանքի կոչելու համար Ջեմմա Անանյանը բազմաթիվ խոչընդոտների է հանդիպել: Երկար-բարակ չափուձև անելուց հետո վրացի գործընկերները նրան պատասխանել են.
— Ճոպանուղին պետք է անցնի այդ տեղանքում գտնվող բարձր լարման էլեկտրական սնուների վրայով: Դրա համար, սիրելի հայեր, իմացեք, թույլտվությունը տալիս է Մոսկվան:
Մի կերպ շինթույլտվություն ստանալուց հետո Թբիլիսիի նախագծային ինստիտուտի տնօրեն Շոթա Օրջոնիկձեն այլ պատճառաբանություն է ներկայացնում տիկին Անանյանին:
-Գիտե՞ք , այն ժամանակ ճիշտ չենք հաշվարկել: Հետագայում պարզեցինք, որ ճոպանուղին պետք է անցնի էլեկտրական հոսանքի գծերի տակով, հետևաբար, այլ շինթույլտվություն է պետք:
Նեղսրտած Ջեմմա Անանյանը այս անգամ ևս խնդրանքով դիմում է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Մովսիսյանին՝ ստանալով անհրաժեշտ շինթույլտվությունը:
Քաղաքի կենտրոնը հանդիպակաց լեռան բարձունքին միացնելու նպատակներից մեկն էր տուրիզմի զարգացումը։ Լեռան վրա կառուցվելիք ռեստորանից հնարավոր կլիներ տեսնել Իջևանի բոլոր անկյունները։
Ճոպանուղու ստեղծման մյուս նպատակն էր ալպիական մարգագետիններում անասնաբուծության զարգացումը և ոլորապտույտ ճանապարհների փոխարեն օդային ուղիով կաթի տեղափոխումը։ Այդպես կնվազեր կաթի որակի կորուստը։
Անհրաժեշտ սարքավորումները և ճոպանները Իջևան բերվեցին Լենինգրադից (Սանկտ-Պետերբուրգ): Իջևանի ճոպանուղու ստորին, վերին կայանները և հենասյուներն արդեն կառուցված էին, սակայն մոնտաժային և վերջնական երեսպատման աշխատանքներն ընդհատվեցին Խորհրդային միության փլուզմամբ։
Այժմ էլ Իջևան քաղաքի Սպանդարյան փողոցում պահպանվում են կիսակառույց ճոպանուղու ավերակները՝ մի օր ավարտին հասցնելու հույսով:
Նյութի աղբյուր՝ Իջևանի համայնքապետարան