ԼՐԱՀՈՍՔԱՂԱՔԱԿԱՆ

Սերգեյ Շոյգու. Լեռնային Ղարաբաղը յուրատեսակ շատ բարդ գործողություն է

Լեռնային Ղարաբաղը յուրատեսակ շատ բարդ գործողություն է: Այս մասին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ղազախական Tengrinews գործակալության հետ հարցազրույցում:

Խոսելով Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների մասին՝ նա նշել է, որ «մեզ մոտ ընթանում է շատ դժվար, շատ բարդ, բայց շատ կառուցողական աշխատանք»: «Համատեղ աշխատանք: Այն պատճառով է բարդ, որ խանգարում են, խանգարում է այն, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է… Բայց մենք գտնում ենք լուծման տարբերակներ: Օրինակ՝ Իդլիբի ապաէսկալացիայի գոտին: Ընդհանրապես ժամանակին Սիրիայում ապաէսկալացիայի գոտիների ստեղծումը, մեր կարծիքով, այդ կարգի հակամարտությունների կարգավորման նոր էջ է եւ նոր մեխանիզմ… Վերջին աշխատանքն, անկասկած, Լեռնային Ղարաբաղն է: Դա յուրատեսակ շատ բարդ գործողություն է: Ես հենց այդպես կցանկանայի այն անվանել, ոչ այլ կերպ: Որովհետեւ դրա մեջ ընդգրկված էին ահռելի թվով փաստարկներ, տարրեր, մոտիվներ: Քանի որ, համաձայնվեք, երբ թշնամանում են երկու եղբայրական ժողովուրդներ, մեզ մտերիմ երկու հարեւաններ, նրանք, ում հետ ապրել ենք, կրկնվեմ եւս մեկ անգամ, հետագայում էլ ապրելու ենք խաղաղությամբ, համաձայնությամբ եւ բարեկամությամբ…

Մյուս կողմից՝ դրան Թուրքիայի միանալու հանգամանքը, ուստի անհրաժեշտ էր խոսել եւ զբաղվել նաեւ թուրք գործընկերների հետ: Մեր նախագահը, հավատացեք ինձ, տիտանական ջանքեր է ներդրել, որպեսզի այս ամենը տեղի ունենա: Ընդ որում՝ ստիպված էր համոզել բոլորին: Այսինքն՝ չկար մեկը, ով կասեր. «Ես համաձայն եմ, միայն նրանց համոզեք»: Ո՛չ, ստիպված էինք համոզել, անկասկած, բոլորին: Նաեւ մենք՝ գործընկերների կամ պաշտպանության նախարարների մեր մակարդակում, մենք խոսել ենք նաեւ մեր թուրք գործընկերների հետ: Այն, ինչ այսօր արվել է, առաջին՝ մարդիկ դադարել են միմյանց սպանել: Երկրորդ՝ հույս ունեմ, որ հիմա ժամանակն է, որ նրանք արդեն անցնեն երկկողմ շփումների եւ իրար հետ խոսեն, սկսեն խոսել: Ես նկատի ունեմ Հայաստանն ու Ադրբեջանը:

Եվ այստեղ, իհարկե, շատ բան կախված է Թուրքիայի հետ Ռուսաստանի հարաբերություններից: Նաեւ նոր խաղացողներ են հայտնվում, հին հարեւաններն են հայտնվում, բայց նրանք հայտնվում են իրենց առաջարկներով: Ես նկատի ունեմ Իրանը: Դա ենթակառուցվածքների զարգացումն է, դա նաեւ երկաթուղին է, դա նաեւ հիդրոէներգետիկան է եւ տրանսպորտային հաղորդակցությունը: Հարցերը շատ են»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:

Մեկանբանույթուն