ԼՐԱՀՈՍՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կղեկավարի Հովհաննես Չեքիջյանը

Հունիսի 6-ից 12-ը Երևանում անցկացվելիք Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթի ժյուրին կնախագահի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար‚ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից:

Հիշեցնենք‚ որ մրցույթն այս տարի իր պատմության ընթացքում երկրորդ անգամ անցկացվելու է դիրիժորություն մասնագիտությամբ։ Հայ մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային այս ստուգատեսը մեծ հեղինակություն է վայելում երաժշտական աշխարհում։ Ամեն տարի մրցույթին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդ երաժիշտներ‚ որոնք իրենց ծրագրերում կատարում են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

Մրցույթի նպատակն է ամբողջ աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել Խաչատրյանի արվեստը‚ բացահայտել տաղանդաշատ երաժիշտների ու նպաստել նրանց մասնագիտական առաջխաղացմանը։

Այս պահին ընթանում է մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը։ 18-36 տարեկան դիրիժորները մինչև 2021թ. մայիսի 10-ը մասնակցության հայտը կարող են լրացնել հետևյալ հղմամբ՝  https://khachaturian-competition.com/en/competitions/contestantsRules2021։ Նախընտրական փուլն անցած դիրիժորներն իրավունք կստանան մասնակցելու մրցույթին։ Արդեն իսկ կան մեծ թվով դիմորդներ աշխարհի տարբեր ծայրերից։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։

Մեկանբանույթուն