ԼՐԱՀՈՍՄԱՄՈՒԼ

Ապրիլյան պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի անդամները հանդիպելու են նաեւ պատերազմի զոհերի հարազատներին

www.armtimes.com-ը գրում է, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին մենք կանչելու ենք բոլոր նրանց, ովքեր կարող են հանձնաժողովի աշխատանքին տալ օգտակար տեղեկատվություն։ Այս մասին այսօր Ապրիլյան քառօրյայի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի առաջին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Եւ ես համոզված եմ՝ գուցե ոմանք կարող են իրավական առումով օգտվել իրենց իրավունքից եւ ասել՝ գիտեք ինչ, կանչում եք, չենք գալիս։ Բայց ես ուզում եմ հնչեցնել ամենակարեւոր նկատառումը․ բարոյական տեսանկյունից որեւէ մեկը իրավունք չունի շրջանցել հարց, որի տեղեկատվությունը կարող է փոխանցել հանձնաժողովին։ Համոզված եմ, որ հանձնաժողովի հետ բոլորը շատ էֆեկտիվ համագործակցելու են»,-ասաց Քոչարյանը՝ նշելով, որ եթե որեւէ մեկը հրաժարվի ներկայանալ նիստին, իրենք այդ ժամանակ կգնահատեն հրաժարվելու պատճառները

Հանձնաժողովի անդամները աշխատանքների ընթացքում հանդիպելու, շփվելու են նաեւ պատերազմի բոլոր զոհերի հարազատների հետ, քանի որ, ըստ Քոչարյանի, նրանք եւս հսկա տեղեկատվության կրող են․

«Բաներ կան, որ իրենց միջոցով մենք պետք է հասկանանք։Նրանց երեխաները, ընկերները զանգել, պատմել են։ Զոհերի հարազատները, նրանց ծառայակից ընկերները լինելու են մեր հիմնական ուսումնասիրության շրջանակներում»։

Հանձնաժողովի նախագահն ասաց, որ հընթացս լինելու են զեկույցներ, նույնիսկ՝ բացասական բովանդակությամբ, բայց դրանք լինելու են անառարկելի եւ անաչառ փաստերի վրա հիմնված․

«Եզրահանգումների կգանք, կլինեն զեկույցներ, դրանք հետագայում գուցե քրեական հետապնդման առիթ դառնան, բայց հանձնաժողովը քննելու է կոնկրետ դեպքեր՝ իր բոլոր հնարավորությունների շրջանակներում»։

Մեկանբանույթուն